Այսօր կխոսենք վիճակագրության ամենահետաքրքիր պարադոքսներից մեկի՝ Սիմփսոնի պարադոքսի մասին։
Ի՞նչ է Սիմփսոնի պարադոքսը։
Սիմփսոնի պարադոքսը (անգլ.՝ Simpson’s paradox) վիճակագրության ամենախորամանկ և ապշեցուցիչ երևույթներից է, որը հաճախ բացարձակապես հակասում է մեր առողջ տրամաբանությանը:
Կարճ ասած՝ այն ասում է հետևյալը՝ միտումը կամ օրինաչափությունը, որը նկատվում է մի քանի առանձին խմբերում, կարող է ամբողջությամբ շրջվել կամ անհետանալ, երբ այդ խմբերը միավորվում են մեկ ընդհանուր խմբի մեջ:
Այսինքն՝ Դուք կարող եք ունենալ իրավիճակ, երբ «Ա» տարբերակը հաղթում է «Բ» տարբերակին բոլոր առանձին դեպքերում, բայց երբ հաշվում եք ընդհանուր արդյունքը, «Բ» տարբերակն է դառնում հաղթող:
Սիմփսոնի պարադոքսի ամենահայտնի իրական օրինակը տեղի է ունեցել 1973 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում: Համալսարանին մեղադրեցին սեռական խտրականության մեջ, քանի որ ընդունելության տվյալները ցույց էին տալիս, որ այնտեղ սովորելու համար դիմած տղամարդկանց 44 տոկոսն ընդունվել էր, իսկ կանանց միայն 35 տոկոսն էր ընդունվել։
Թվում էր, թե ակնհայտ խտրականություն կա կանանց նկատմամբ: Սակայն, երբ վիճակագիրները սկսեցին վերլուծել տվյալներն ըստ առանձին ֆակուլտետների, պատկերն ամբողջովին փոխվեց։ Պարզվեց, որ ֆակուլտետների մեծ մասում կանանց ընդունվելու տոկոսն ավելի բարձր էր, քան տղամարդկանցը:
Ինչպե՞ս էր դա հնարավոր։
Բանն այն էր, որ կանայք զանգվածաբար դիմում էին այնպիսի ֆակուլտետներ (օրինակ՝ հումանիտար), որտեղ ընդհանուր մրցակցությունը շատ ավելի մեծ էր, իսկ ընդունման տոկոսը բոլորի համար էր՝ ցածր: Տղամարդիկ էլ ավելի շատ դիմում էին ֆակուլտետներ (օրինակ՝ ինժեներական), որտեղ ընդունվելն ավելի հեշտ էր (բարձր ընդունելության տոկոս):
Երբ բոլոր տվյալները միավորվեցին, կանանց ցածր ցուցանիշով ֆակուլտետների մեծ թիվը իջեցրեց նրանց ընդհանուր միջինը:
Բերենք մեկ այլ օրինակ։
Կան երկու վիրաբույժներ, ովքեր վիրահատություններ են անում։ Առաջին վիրաբույժին անվանենք Կարեն, իսկ երկրորդին՝ Գոհար։
Գոհարի մոտ 100 վիրահատությունից 86-ը հաջող ելք է ունենում(86%)։
Կարենի մոտ 100 վիրահատությունից հաջող է լինում 79-ը(79%)։ Առաջին հայացքից թվում է, թե Գոհարը ավելի լավ վիրաբույժ է, քան Կարենը, քանի որ Գոհարի վիրահատությունների 86%-ը հաջող ելք ունի, իսկ Կարենի մոտ հաջող ելք ունի վիրահատությունների 79%-ը։ Բայց եթե այս տվյալները բաժանում ենք ըստ վիրահատությունների բարդության խմբերի, պարզվում է, որ Կարենի 100 վիրահատություններից 80-ը եղել են բարդ ու ծանր, իսկ թեթև ու հեշտ՝ 20 վիրահատություն։ Մինչդեռ Գոհարի դեպքում 100 վիրահատությունից 80-ը եղել է հեշտ ու թեթև և միայն 20-ը՝ բարդ ու ծանր։
Կարենի 80 բարդ վիրահատություններից հաջող ելքով են ավարտվել 60-ը, այսինքն՝ նա ցուցաբերել է 75% արդյունավետություն(60/80*100), իսկ 20 հեշտ վիրահատություններից հաջող ելքով ավարտվել է 19-ը՝ 95% արդյունավետություն(19/20*100):
Գոհարի 20 բարդ վիրահատություններից հաջող ելքով է եղել 14-ը՝ 70%-ը(14/20*100), իսկ 80 հեշտ վիրահատություններից հաջող ելքով է ավարտվել 72-ը՝ 90% արդյունավետություն։
Այստեղ արդեն շատ հետաքրքիր պատկեր ենք տեսնում։ Երբ վիրահատությունները մենք խմբավորեցինք (հեշտ ու բարդ), վիրաբույժ Կարենը երկու չափանիշներով էլ գերազանցում է Գոհարին, քանի որ բարդ վիրահատությունների դեպքում Կարենի արդյունավետությունը 75% է, Գոհարինը՝ 70%, հեշտ վիրահատությունների դեպքում էլ կրկին Կարենն արդյունավետությամբ գերազանցում է, քանի որ նա ունի 95% արդյունավետություն, իսկ Գոհարը՝ 90%:
Բայց եթե կրկին միավորենք այս տվայլները, լրիվ հակառակ արդյունքն ենք տեսնում։ Գոհարը 100-ից ունի 86 հաջող վիրահատություն, իսկ Կարենը 100-ից՝ 79-ը։
Հոդվածի շարունակությունը կարդալու համար սեղմեք ներքևի հղումը՝








Comments (1)