Վերջապես տրվեց մի մեծ խնդրի լուծումը, որն արդեն իսկ իրարանցում է առաջացրել։ Խոսքը նոր HTTP մեթոդի մասին է, որն իրենից ներկայացնում է GET և POST մեթոդների միաձուլումը. խոսքը QUERY մեթոդի մասին է։
Ինչպես գիտենք, որպես ստանդարտ ընդունված է, որ տվյալներ պետք է ստանալ (fetch) GET մեթոդի օգնությամբ։ Բայց լինում էին դեպքեր, երբ URL-ի մեջ դրվում էին բազմաթիվ պարամետրեր, կամ որոշ պարամետրեր տեղադրելը (օրինակ՝ զանգվածներ կամ բարդ օբյեկտներ) դառնում էր իսկական գլխացավանք։ Արդյունքում՝ մենք ստիպված օգտագործում էինք POST մեթոդը՝ որպես GET հարցում, զուտ տվյալներ կարդալու համար, թեև սերվերի վրա ոչինչ չէինք փոփոխում։
Այժմ այդ և մի շարք այլ խնդիրներ լուծվում են QUERY մեթոդի միջոցով, որը պաշտոնապես սահմանված է RFC 10008 սպեցիֆիկացիայով։
Որպեսզի հասկանանք, թե ինչու է QUERY-ն փոխում խաղի կանոնները, եկեք նայենք այն «թաքնված» խնդիրներին, որոնց հետ ծրագրավորողները բախվում են տարիներ շարունակ.
URL-ի երկարության սահմանափակումը. Տրադիցիոն GET հարցումները պարամետրերը պահում են հենց URL-ի (query string) մեջ։ Եթե ունեք բարդ ֆիլտրացիա, որոնման տասնյակ պարամետրեր կամ մեծ զանգվածներ, դուք հեշտությամբ կհարվածեք բրաուզերների կամ պրոքսի սերվերների կողմից դրված URL երկարության սահմանափակումներին։
Իմաստային (Semantics) խախտում. POST մեթոդի օգտագործումը զուտ տվյալներ ստանալու համար սխալ է, քանի որ POST-ն ըստ ստանդարտի նախատեսված է նոր ռեսուրս ստեղծելու կամ տվյալներ փոփոխելու համար։
Անվտանգություն և Լոգավորում (Logging). GET հարցման URL պարամետրերը հաճախ ավտոմատ կերպով գրանցվում են սերվերի լոգերում (logs), load balancer-ներում և բրաուզերի պատմության (history) մեջ։ Եթե ֆիլտրի միջով անձնական տվյալներ կամ սեկրետ ID-ներ եք փոխանցում, դա դառնում է անվտանգության լուրջ խնդիր։
QUERY մեթոդը լուծում է այս ամենը. այն թույլ է տալիս ունենալ Request Body, բայց միևնույն ժամանակ մնում է լիովին Անվտանգ և Իդեմպոտենտ (Safe & Idempotent) (այսինքն՝ միայն կարդում է տվյալներ՝ առանց սերվերի վիճակը փոխելու)։
Սպեցիֆիկացիայում կարող եք կարդալ ավելի մանրամասն, բայց ահա մի քանի հիդերների մասին համառոտ, որոնք ապահովում են QUERY-ի անխափան աշխատանքը.
Content-Location: Սա օգտագործվում է հիմնականում քեշավորման (caching) համար։ Քանի որ մենք URL-ի մեջ ոչ մի պարամետր չենք տեղադրելու, այս հիդերը տեղադրվում է սերվերի կողմից՝ ցույց տալու համար, թե տվյալ ռեսուրսը կոնկրետ որ յուրահատուկ path-ով կարող ենք ստանալ։ Սրա շնորհիվ միջանկյալ շերտերը (օրինակ՝ CDN-ները) հասկանում են, թե ինչպես քեշավորել արդյունքը։
Accept-Query: Սա սերվերի կողմից ուղարկվող հիդեր է, որը ցույց է տալիս, թե QUERY մեթոդը կիրառելիս հարցման body-ի ներսում ինչպիսի մեդիա տիպեր (ձևաչափեր, օրինակ՝ application/json կամ text/sql) կարող ենք օգտագործել:
Քանի որ տվյալ սպեցիֆիկացիան բավականին նոր է, դեռ ոչ մի հանրահայտ բրաուզեր չի աջակցում նատիվ QUERY մեթոդով հարցումներ ուղարկելուն (օրինակ՝ ստանդարտ fetch()-ի կամ Axios-ի միջոցով՝ առանց լրացուցիչ ձևափոխումների)։ Բացի այդ, տարբեր բեքենդ (backend) ֆրեյմվորքներ ու գրադարաններ նույնպես դեռ չեն ներդրել տվյալ մեթոդի բնական աջակցությունը։
HTTP QUERY մեթոդը լրացնում է այն հսկայական ճարտարապետական բացը, որից ծրագրավորողները դժգոհում էին ավելի քան մեկ տասնամյակ։ Այն տալիս է երկու աշխարհների լավագույն կողմերը՝ GET հարցման անվտանգությունն ու քեշավորման հնարավորությունը՝ համատեղված POST հարցման body payload-ի ճկունության հետ։
Չնայած բրաուզերների և սերվերային ֆրեյմվորքների կողմից լիակատար որդեգրումը որոշակի ժամանակ կպահանջի, QUERY-ն հանդիսանում է RESTful API-ների և ժամանակակից վեբ հաղորդակցության հաջորդ մեծ էվոլյուցիոն քայլը՝ պաշտոնապես ամրագրված RFC 10008-ով։ Աչքաթող մի՛ արեք ձեր սիրելի բեքենդ ֆրեյմվորքի թարմացումները. աջակցությունը կարող է հայտնվել ավելի շուտ, քան կարծում եք:









Comments (0)