Ձեր Wi-Fi-ը կարող են կոտրել առանց գաղտնաբառը իմանալու՞
Եթե մի քանի տարի առաջ ինտերնետը շատերի համար սկսվում էր համակարգչին կամ հեռախոսի գծին միացված մոդեմի ձայնից, սպասում էինք մի քանի րոպե, որ կապը բացվի, հետո մտնում էինք Odnoklassniki, պաչիկ խաղալու, երգ լսելու կամ պռոստը նամակներ գրելու։
Այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր։
Չկային այսքան շատ Wi-Fi ցանցեր, սմարթֆոններ, հանրային անվճար ինտերնետային կետեր և այն խնդիրները, որոնց մասին այսօր խոսում ենք։ Ինտերնետին միանալու համար հաճախ պետք էր ֆիզիկապես միացված լինել մոդեմին, իսկ «Wi-Fi-ի գաղտնաբառը գողանալու» մասին շատերը նույնիսկ չէին մտածում։
Բայց տեխնոլոգիաների զարգանալուն զուգահեռ փոխվեցին նաև վտանգները
Evil Twin, Deauthentication և Rogue Access Point հարձակումներ
Ողջույն, ես Վահեն եմ։
Կիբերանվտանգության թեմաներում հաճախ մարդիկ պատկերացնում են, որ հարձակումը սկսվում է բարդ կոդից, գաղտնաբառի կոտրումից կամ ինչ-որ «ֆիլմային» հաքերային տեսարաններից։
Բայց իրական կյանքում շատ դեպքեր սկսվում են շատ ավելի պարզ իրավիճակից։
Մարդը նստում է սրճարանում, հյուրանոցում, օդանավակայանում կամ որևէ հանրային վայրում, բացում է Wi-Fi-ների ցանկը, տեսնում է ծանոթ անունով ցանց և միանում՝ առանց երկար մտածելու։
Ու հենց այստեղ է առաջանում ամենատարածված հարցերից մեկը.
«Եթե Wi-Fi-ի գաղտնաբառը չգիտեն, ո՞նց պիտի կոտրեն»։
Կամ՝
«Բռատ, էդ բաները մենակ ֆիլմերում են լինում»։
Իրականությունն այն է, որ միշտ չէ, որ հարձակվողի նպատակը Wi-Fi-ի գաղտնաբառը ստանալն է։ Շատ դեպքերում ավելի հեշտ է ստեղծել իրավիճակ, որտեղ օգտատերը ինքն է միանում կեղծ ցանցին։
Այսպիսի հարձակումները կարող են իրականացվել տարբեր մեթոդներով՝ Evil Twin, Deauthentication Attack և Rogue Access Point։
Հատկապես վտանգավոր է այն, որ նման գործողություններ երբեմն փորձում են կատարել նույնիսկ սկսնակները՝ օրինակ՝ 14 տարեկան լամեռը, ով ինտերնետից ներբեռնել է պատրաստ գործիքներ և, անգիտակցությամբ, առանց հասկանալու հնարավոր հետևանքները, փորձում է «հաքեր խաղալ»։
Այս հոդվածում կփորձենք պարզ լեզվով հասկանալ, թե ինչպես են աշխատում այս հարձակումները, ինչ վտանգներ կարող են առաջացնել հանրային Wi-Fi ցանցերը և ինչպես պաշտպանվել դրանցից։
«Բա գաղտնաբառը չգիտի...»
Եկեք պատկերացնենք սովորական իրավիճակ։
Դուք նստած եք սրճարանում։
Բացում եք Wi-Fi-ների ցանկը և տեսնում եք.
📶 Coffee_Free_WiFi
Միանում եք։
Ինտերնետն աշխատում է։
Ամեն ինչ նորմալ է թվում։
Բայց մի քանի մետր այն կողմ կարող է լինել մեկ ուրիշ սարք, որը ստեղծել է նույն անունով ցանց։
Օրինակ՝
📶 Coffee_Free_WiFi
և
📶 Coffee_Free_WiFi
Օգտատիրոջ համար դրանք գրեթե նույնն են։
Եթե կեղծ ցանցի ազդանշանը ավելի ուժեղ լինի կամ սարքը նախկինում միացած լինի նման ցանցի, հնարավոր է, որ այն միանա հենց հարձակվողի ստեղծած Access Point-ին։
Այս պահին օգտատերը շարունակում է մտածել, որ ուղղակի օգտվում է սովորական Wi-Fi-ից։
Բայց իրականում կապը կարող է անցնել ուրիշի սարքի միջով։
Evil Twin «Չար երկվորյակ»
Evil Twin բառացի նշանակում է «չար երկվորյակ»։
Սա հարձակում է, որի ժամանակ ստեղծվում է իրական Wi-Fi ցանցի նմանակ՝ նույն անունով կամ շատ նման անվանումով։
Օրինակ՝
Իրական ցանց՝
Airport_Free_WiFi
Հարձակվողի ցանց՝
Airport_Free_WiFi
Կամ՝
Airport_Free-WiFi
Մարդը հաճախ չի նկատում այդ փոքր տարբերությունը։
Եվ այստեղ օգտագործվում է ոչ միայն տեխնիկական խոցելիությունը, այլ նաև մարդու սովորությունը։
Շատերը չեն ստուգում՝ արդյոք ցանցը իրական է, թե ոչ։ Նրանք պարզապես միանում են այն Wi-Fi-ին, որը «ծանոթ է թվում»։
Deauthentication Attack — երբ սարքին ստիպում են անջատվել
Հիմա հարց է առաջանում.
Եթե մարդն արդեն միացած է իրական Wi-Fi-ին, ինչպե՞ս ստիպել նրան անցնել ուրիշ ցանցի վրա։
Այստեղ օգտագործվում է Deauthentication Attack մեթոդը։
Wi-Fi ցանցերում կան հատուկ կառավարման հաղորդագրություններ, որոնց միջոցով սարքերը կարող են տեղեկանալ կապի փոփոխությունների մասին։
Եթե պաշտպանությունը ճիշտ կազմաձևված չէ, հարձակվողը կարող է ուղարկել կեղծ հաղորդագրություններ, որոնք սարքին ստիպում են մտածել, որ այն այլևս միացված չէ ցանցին։
Արդյունքում՝
կապը կտրվում է,
սարքը նորից սկսում է փնտրել Wi-Fi ցանցեր,
նույն անունով կեղծ ցանցը կարող է դառնալ ամենահարմար տարբերակը։
Եվ օգտատերը պարզապես նորից միանում է։
Կարևոր է նշել, որ ժամանակակից պաշտպանությունները, օրինակ՝ WPA3-ը և Protected Management Frames (PMF)-ը, զգալիորեն դժվարացնում են նման հարձակումները։ Սակայն հին սարքերը կամ սխալ կազմաձևված ցանցերը դեռ կարող են խնդիր ունենալ։
Rogue Access Point — վտանգը կարող է լինել ներսից
Շատերը մտածում են, որ հարձակվողը միշտ արտաքին մարդ է։
Բայց երբեմն վտանգը կարող է առաջանալ հենց կազմակերպության ներսում։
Rogue Access Point-ը չարտոնված Wi-Fi սարք է, որը միացված է ցանցին առանց համապատասխան թույլտվության։
Օրինակ՝
աշխատակիցը միացնում է իր սեփական Router-ը,
ինչ-որ մեկը ստեղծում է գաղտնի Hotspot,
կազմակերպության տարածքում հայտնվում է վերահսկողությունից դուրս Wi-Fi սարք։
Նման սարքերը կարող են դառնալ լրացուցիչ մուտքի կետ դեպի ներքին ցանց։
Ում էս դու պետք
«Ինձ ինչի՞ պիտի հաք անեն, ես հետաքրքիր բան չունեմ»։
Բայց հարձակվողներին միշտ չէ, որ հետաքրքրում է հենց կոնկրետ մարդը։
Նրանց կարող են հետաքրքրել՝
էլեկտրոնային փոստի հաշիվները,
սոցիալական ցանցերը,
աշխատանքային հաշիվները,
անձնական տվյալները,
պահպանված գաղտնաբառերը։
Երբեմն նպատակը տվյալ պահին տվյալներ գողանալը չէ։
Երբեմն նպատակը պարզապես առաջին մուտքն ապահովելն է։
Ինչու են հանրային Wi-Fi-ները վտանգավոր
Հանրային Wi-Fi ցանցերի հիմնական խնդիրն այն է, որ դուք հաճախ չգիտեք՝
ով է իրականում կառավարում ցանցը,
արդյոք այն պաշտոնական է,
արդյոք ինչ-որ մեկը չի ստեղծել նույն անունով կեղծ տարբերակ։
Հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ մարդը առանց ստուգելու մուտքագրում է՝
բանկային տվյալներ,
աշխատանքային գաղտնաբառեր,
անձնական հաշիվների տվյալներ։
Ինչպե՞ս պաշտպանվել
✅ Միացեք միայն վստահելի Wi-Fi ցանցերին։
✅ Հանրային վայրերում ճշտեք ցանցի անունը աշխատակիցներից։
✅ Անջատեք անհայտ ցանցերին ավտոմատ միանալու հնարավորությունը։
✅ Օգտագործեք VPN, հատկապես հանրային Wi-Fi-ի դեպքում։
✅ Մի անտեսեք բրաուզերի անվտանգության զգուշացումները։
✅ Թարմացրեք Router-ները և օգտագործեք WPA3 կամ WPA2՝ հնարավորության դեպքում ակտիվացված PMF պաշտպանությամբ։
✅ Մի օգտագործեք բաց Wi-Fi ցանցեր զգայուն գործողությունների համար։
Վերջաբան
Կիբերանվտանգությունը միայն գաղտնաբառերի մասին չէ։
Շատ դեպքերում ամենաթույլ օղակը ոչ թե տեխնոլոգիան է, այլ մարդու վստահությունը։
Երբեմն մի սկսնակ՝ նույնիսկ 14 տարեկան լամեռ, կարող է խնդիր ստեղծել՝ օգտագործելով պատրաստ գործիքներ և չհասկանալով դրանց ազդեցությունը։
Իսկ երբեմն վտանգը գալիս է ոչ թե բարդ հարձակումից, այլ մի պարզ սխալից՝ սխալ Wi-Fi ցանցին միանալուց։
Հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը ասի.
«Բռատ, պառոլը չգիտեն, ո՞նց պիտի Wi-Fi իս կպնեն»
Դուք արդեն կիմանաք։
Ժամանակակից հարձակումները միշտ չէ, որ փորձում են կոտրել դուռը։
Երբեմն նրանք պարզապես ստեղծում են կեղծ դուռ, և սպասում են, որ դուք ինքներդ բացեք այն։
💛 Եթե հոդվածն օգտակար գտար ու կցանկանաս աջակցել հեղինակին հաջորդ հոդվածներ գրելու ճանապարհին, կարող ես փոխանցում կատարել հետևյալ քարտերին։
4083060040319606 Ամերիա Բանկ460531424 IDRAM
Ամեն աջակցություն մոտիվացիա է շարունակելու
Կիբերանվտանգության Տելեգրամյան ալիք
Իմ ինստան ստեղա՝ https://www.instagram.com/sargsyanvahee









Comments (0)