Հաշվողական տեխնիկայի պատմությունն սկսվում է 17-րդ դարի կեսերից, երբ ստեղծվեց առաջին մեխանիկական թվաբանական մեքենան, որը կատարում էր միայն գումարման և հանման գործողություններ։ Այնուհետև ստեղծվեցին մի շարք այլ մեխանիկական սարքեր, որոնք արդեն կատարում էին թվաբանական չորս պարզագույն գործողությունները. ընդ որում՝ բազմապատկումն իրականացվում էր բազմակի գումարման, իսկ բաժանումը՝ բազմակի հանման եղանակով:
1946 թվականին ստեղծված ENIAC (Electronic Numerical Integrator and Computer)-ը առաջին էլեկտրոնային համակարգիչն էր՝ նախատեսված համընդհանուր օգտագործման համար։ Այն հսկայական սարք էր. կշռում էր ավելի քան 27000 կգ և զբաղեցնում մի ամբողջ սենյակ։

Տվյալներ մշակելու համար ENIAC-ն օգտագործում էր շուրջ 18,000 վակուումային լամպ։ Այդ լամպերը հաճախ էին այրվում, ուստի անհրաժեշտ էր լինում դրանք մշտապես փոխարինել։
Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն այն սարքերն են, որոնք ունակ են մշակել տվյալներ, կատարել բարդ հաշվարկներ և այլ առաջադրանքներ։ ԷՀՄ-ների ստեղծումից ի վեր հաշվողական տեխնիկան անցել է զարգացման 5 սերունդ.
Առաջին սերունդ (1945-1954 թթ․)
Այս սերնդի մեքենաներն ունեին հսկայական չափսեր, փոքր արագագործություն և ցածր հուսալիություն։ Նրանց աշխատանքի համար պահանջվում էր 10,000–20,000 էլեկտրոնային լամպ, էլեկտրաէներգիայի հսկայական ծախս և սպասարկող մեծ անձնակազմ։ Կիրառվում էին լամպային տեխնոլոգիաներ, մագնիսական թմբուկներ և էլեկտրոնաճառագայթային խողովակներ։
Երկրորդ սերունդ (1955–1964 թթ.)
Էլեկտրոնային լամպերին փոխարինելու եկան տրանզիստորները, ինչը հեղափոխական ձեռքբերում էր։ Հաշվիչ մեքենաները դարձան ավելի վստահելի, բարձրացավ արագագործությունը, իսկ էներգիայի ծախսը զգալիորեն նվազեց։
Երրորդ սերունդ (1965–1974 թթ.)
Այս սերնդի ԷՀՄ-ները կառուցվեցին փոքր և միջին ինտեգրացման աստիճան ունեցող ինտեգրալ սխեմաների (microchips) հիման վրա։ Ստեղծվեց միևնույն ճարտարապետությամբ մեքենաների ընտանիքների գաղափարը, որտեղ հիմնական շեշտը դրվում էր ծրագրային ապահովման վրա։ 60-ականների վերջին հայտնվեցին մինի-ԷՀՄ-ները, իսկ 1971 թվականին Intel ֆիրման ստեղծեց առաջին միկրոպրոցեսորը, որի մեկ բյուրեղի վրա տեղադրված էր 2,250 տրանզիստոր։
Չորրորդ սերունդ (1975 թ. — մինչ օրս)
Տվյալ սերնդի հիմքը մեծ և գերմեծ ինտեգրալ սխեմաներն են (ԳՄԻՍ)։ Հիմնական առանձնահատկություններն են փոքր չափսերը և մատչելի գինը։ Այս մեքենաներն անջատելիս տվյալներն ավտոմատ պահպանվում են արտաքին հիշող սարքերի (սկավառակների) վրա։ Միացնելիս համակարգի թողարկումն իրականացվում է ինքնաբեռնավորման միջոցով, որն ապահովում է օպերացիոն համակարգի և այլ ծրագրերի աշխատանքը։
Հինգերորդ սերունդ (Ներկա և ապագա)
Սրանք գերմեծ ինտեգրալ սխեմաներով աշխատող ժամանակակից համակարգիչներն են։ Գլխավոր նպատակը մեքենայական կոդերից անցումն է բնական լեզվին մոտ հրամանային համակարգերին և արհեստական բանականության տարրերի կիրառումը։
Տելեգրամ ալիք՝ https://t.me/TechnoBuddyArm
Medium հարթակ՝ https://medium.com/@techno.buddy.arm









Comments (1)