Տվյալը դա ինֆորմատիկայի հիմնական հասկացություններից մեկն է։ Ըստ էության, տվյալներն ինֆորմացիա են՝ ներկայացված կոդային գրառման կամ կոդային ազդանշանի տեսքով, պիտանի են մարդու միջամտությամբ և ավտոմատ միջոցներով մշակման համար, նախատեսված են մշակման, պահպանման կամ փոխանցման համար։ Տեղեկություններ, որոնք հաղորդակցման գործընթացում մարդու կամ հատուկ սարքավորումների կողմից ընկալվում են որպես նյութական աշխարհին վերաբերվող փաստերի արտապատկերում։
Ինֆորմացիան դա հասկացություն է, որը ներառում է մարդկանց միջև, մարդու և ավտոմատ սարքավորման, ավտոմատ սարքավորումների միջև տվյալների փոխանակումը, կենդանական և բուսական աշխարհում ազդանշանների փոխանակությունը, հատկանիշների փոխանցումը բջջից բջջին, մարմնից մարմնին և այլն։
Սահմանում․ «Ինֆորմացիան դա այն տվյալների մշակման վերջնարդյունքն է, որը ձեռք է բերվել շրջակա միջավայրից»։
Այժմ պարզ օրինակի միջոցով հասկանանք սահմանումը։ Մեզ շրջապատող աշխարհը շատ բազմազան է, դրանով իսկ՝ հետաքրքիր։ Մարդն իր ողջ կյանքում փորձում է ճանաչել այն՝ ուսումնասիրելով ու գիտելիքներ կուտակելով, բայց միայն մարդը չէ, որ կարողանում է կատարել այդ գործողությունը. մեզ շրջապատող ողջ կենդանական աշխարհը ևս ունակ է դա կատարելու։
Օրինակ՝ մարդը իր զգայարանների միջոցով շրջակա միջավայրի մասին տեղեկություն ստանալով և այն վերլուծելով կատարում է որոշակի գործողություններ։ Սա ոչ միայն հասու է մարդուն, այլ նաև մեզ շրջապատող կենդանական և բուսական աշխարհին։
Դիտարկենք պարզ օրինակ. մենք կարող ենք լսել բազմաթիվ ձայներ և տեսնել բազմաթիվ օբյեկտներ։ Դրանք բոլորը տվյալներ են, և այդ բոլորը անկանոն են, օրինակ՝ տարբեր ձայներ և պատկերներ, որոնք մեր ուղեղը ստանում է շրջակա միջավայրից։ Այժմ ուղեղը որոշակի գործընթացների արդյունքում այդ անկանոն տվյալներից ստանում է կանոնավոր տվյալներ։ Հենց դա էլ ինֆորմացիան է։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ տվյալները դրանք ինֆորմացիայի մասնիկներ են՝ անկանոն վիճակում։ Հետագա մշակման ժամանակ այդ տվյալները կանոնակարգվում են, որի արդյունքում առաջանում է ինֆորմացիա։
Այս ամենից հետո անդրադառնանք ինֆորմացիայի հատկություններին։ Ինֆորմացիան ունի որոշակի հատկություններ, դրանք են՝ հավաստիությունը, ամբողջականությունը, արդիականությունը, նույնականությունը և մատչելիությունը։
1. Ամբողջականություն՝ ինֆորմացիայի՝ տվյալ օբյեկտը կամ գործընթացը ամբողջապես բնութագրելու հատկություն։
2. Հավաստիություն՝ ինֆորմացիայի թաքնված սխալներ չունենալու հատկություն։
3. Արդիականություն՝ ինֆորմացիայի ժամանակի տվյալ պահին սպառողի պահանջմունքներին համապատասխանելու հատկություն։
4. Նույնականություն՝ հատկություն, որը բնորոշում է ինֆորմացիայի՝ տվյալ օբյեկտին կամ երևույթին ճշգրիտ համապատասխանելը։
5. Մատչելիություն՝ հատկություն, որը բնորոշում է ինֆորմացիայի ձևի կամ ծավալի հարմարավետությունը տվյալ սպառողի տեսանկյունից, պարզությունը։
Անկախ ինֆորմացիայի տեսակից, ժամանակակից հաշվողական տեխնիկայում ամբողջ ինֆորմացիան պահպանվում և փոխանցվում է կոդավորված (երկուական) տեսքով, այսինքն՝ մեքենայական լեզվով, որի այբուբենը կազմված է 2 թվերից (0 և 1)։
Ինֆորմացիան ներկայացվում է 0 և 1 թվերի հաջորդականության տեսքով կամ բիթերի։ Բիթը (bit, b) դիսկրետ ինֆորմացիայի քանակի չափման ամենափոքր միավորն է։
Հաշվողական տեխնիկայում օգտագործվում է 8-կարգանի երկուական միավոր՝ բայթը (byte), որը 8 հատ 1 և 0 թվերի հաջորդականություն է։ Գոյություն ունեն ինֆորմացիայի չափման սահմանված միավորներ, դրանք են՝ կիլոբայթ, մեգաբայթ, գիգաբայթ, տերաբայթ և այլն։
Ժամանակակից հաշվողական տեխնիկայում գոյություն ունեն ինֆորմացիայի հետևյալ տեսակները։
1. Թվային ինֆորմացիա՝ օգտագործվում է հաշվողական տեխնիկայում։
2. Տեքստային ինֆորմացիա՝ բայթը կարող է ընդունել 256 տարբեր վիճակներ։ Այդ տարբեր վիճակներն իրենցից ներկայացնում են տարբեր սիմվոլներ՝ այբբենական տառեր, թվեր և տրոհման նշաններ։
3. Գրաֆիկական ինֆորմացիա՝ որը պատկերվում է գրաֆիկների, պատկերների, նկարների տեսքով։ Գրաֆիկական ազդանշանների թվային կոդավորումը կոչվում է թվայնացում։
4. Ձայնային ինֆորմացիա՝ արտաբերում է ձայները։
5. Տեսաինֆորմացիա՝ արտապատկերում է շարժվող պատկերները։
Տելեգրամ ալիք՝ https://t.me/TechnoBuddyArm
Medium հարթակ՝ https://medium.com/@techno.buddy.arm









Comments (0)