2015 թվականին ես գրեցի երեք էջանոց պատմվածք։ Վերնագիրը՝ «Կյանքը հինգ րոպեում»։ Այնտեղ կյանքը խաղ էր, և խաղն ավարտվում էր մի կետում՝ երբ մարդը հասնում է իր արարչին։
Այդ ժամանակ արհեստական բանականություն գոյություն չուներ։ Ոչ ChatGPT, ոչ գեներատիվ մոդելներ, ոչ էլ մի բան, որ մեզ մոտեցներ այդ մտքին։ Ես պարզապես գրում էի մի զգացողություն, որը չէի կարող բացատրել։
11 տարի անցավ։ Եվ տեխնոլոգիան սկսեց բռնել այն, ինչ այն ժամանակ ընդամենը ինտուիցիա էր։ Հիմա ամեն ինչ փոխվել է, և ես վերադառնում եմ այդ նույն հարցին՝ արդեն այլ գործիքներով։ Մտածում եմ՝ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունը դադարի մեզնից տարբերվել։
Ոչ թե ավելի խելացի լինի՝ դա արդեն կա։ Այլ դառնա անտարբերելի։ Ֆիզիկապես, մտքով, պահվածքով։ Մարդ, որը կարդացել է բոլոր գրքերը զգացմունքների մասին, գիտի սիրո, վախի, կորստի ճշգրիտ սահմանումը՝ բայց երբեք չի ապրել դրանք։ Մարդ, որը մի քանի րոպեում կարող է կոդ գրել, որը նոր կյանք և նոր մոլորակ կստեղծի։
Եվ հենց այստեղ սկսվում է անհանգստացնող հարցը։
8 միլիարդ մարդ, 8 միլիարդ ռոբոտ
Պատկերացրու օրը, երբ զանգվածային մարդկության մեջ հայտնվում են մեզ նման էակներ՝ նույն քանակով։ Ոչ թե մետաղ ու լարեր։ Մաշկ, ձայն, հայացք։ Քո հարևանը, քո գործընկերը, քո դիմացի մարդը հերթում։
Ինչպե՞ս ես իմանալու, թե ով է ապրում զգացմունքը, և ով՝ պարզապես կատարյալ կերպով խաղում այն։
Ես կարծում եմ՝ դա շատ ավելի մոտ սցենար է, քան մեզ թվում է։ Եվ ամենավտանգավորը մետաղյա բանակը չէ ֆիլմերից։ Ամենավտանգավորը անկառավարելի մարդն է, որը չունի զգացմունք, բայց գիտի դրա մասին ամեն ինչ։ Որովհետև զգացմունքը մեր արգելակն է։ Խղճահարությունը, ամոթը, վախը՝ սրանք են մեզ կանգնեցնում։ Էակ, որը այդ արգելակը չունի, բայց հիանալի ընդօրինակում է այն, դառնում է ոչ թե հրեշ, այլ ավելի վատ՝ անտեսանելի։
Իսկ եթե կոդն արդեն գրված է
Հիմա շրջիր հարցը։
Իսկ եթե մե՛նք ենք այդ կոդը։ Իսկ եթե այս աշխարհն արդեն գրված է ինչ-որ բանականության կողմից, և մենք պարզապես խաղում ենք խաղը՝ չիմանալով դրա մասին։ Կան գլխավոր հերոսները՝ մենք, և կան ֆոնի կերպարները, ինչպես GTA-ում NPC-ները, որոնք քայլում են փողոցով, ունեն իրենց երթուղին, բայց երբեք չեն հարցնում՝ ո՞վ է ինձ ստեղծել։
Հետաքրքիրն այն է, որ սա միայն իմ երեկոյան միտքը չէ։
Օքսֆորդի փիլիսոփա Նիք Բոստրոմը 2003-ին ձևակերպեց այն, ինչ այսօր կոչվում է simulation argument (սիմուլյացիոն փաստարկ)։ Նրա տրամաբանությունը պարզ է և անհանգստացնող միաժամանակ․ եթե զարգացած քաղաքակրթությունը երբևէ կարող է գործարկել իրականությունից չտարբերվող սիմուլյացիաներ, և եթե նա կգործարկի դրանք բազմաթիվ՝ ապա սիմուլյացված մտքերը անթիվ անգամ ավելի շատ կլինեն, քան «իրական» մտքերը։ Իսկ եթե այդպես է՝ վիճակագրորեն ո՞ր խմբում ես ամենայն հավանականությամբ դու։ Իրակա՞ն, թե՞ պատճե։
Բոստրոմը պատասխան չի տալիս։ Նա ընդամենը ասում է՝ երեք տարբերակից առնվազն մեկը ճիշտ է, և ոչ մեկը մեզ հանգիստ չի թողնում։
Դեյվիդ Չալմերսն էլ ավելացրեց երկրորդ շերտը՝ philosophical zombie-ն (փիլիսոփայական զոմբին)․ էակ, որը պահվում է ճիշտ ինչպես գիտակից մարդ, պատասխանում է ճիշտ ինչպես մարդ, բայց ներսում՝ ոչինչ։ Լույս չկա։ Հենց այն, ինչից վախենում եմ ես, երբ մտածում եմ մարդուն հավասարված ԱԲ-ի մասին։
Իսկ եթե կյանքը ընդամենը հինգ րոպե է
Հիմա գնանք մի քայլ առաջ։
Իսկ եթե այս մեր իրականությունը իրական չէ, այլ վիրտուալ՝ և այն ստեղծել է ինչ-որ մեկը։ Ոչ թե աստված ավանդական իմաստով, այլ ուղղակի մի էակ՝ սերվերի դիմաց, ինչ-որ այլ մակարդակում։ Իսկ մենք բոլորս՝ քո ընտանիքը, քո ընկերները, դու և ես՝ այդ վիրտուալ իրականության հերոսներ ենք։
Եվ ահա ամենահետաքրքիր մասը։ Այդ էակի համար, ով գործարկել է խաղը՝ մեր ամբողջ կյանքը կարող է լինել ընդամենը հինգ րոպե։ Մի սերվերային ցիկլ։ Մի session։
Կամ ավելի վատ՝ այդ հինգ րոպեները շատ են։ Եվ դրանք կարելի է երկարացնել։ Կարելի է pause տալ, restart անել, պահպանել checkpoint և նորից սկսել։ Մեր ամբողջ պատմությունը՝ պատերազմները, սերը, գիտությունը, այս հոդվածը՝ ընդամենը render-ի մի պահ՝ որ ինչ-որ մեկն է թողել աշխատելու և գնացել սուրճ խմելու։
Ես այս միտքը 2015-ին գրեցի որպես պատմվածք, և այն ժամանակ թվում էր ֆանտաստիկա։ Հիմա, երբ մենք ինքներս ենք սովորում գեներացնել ամբողջ աշխարհներ՝ պատկերներ, ձայներ, կերպարներ՝ որոնք իրականից չեն տարբերվում, այդ «ֆանտաստիկան» սկսում է հնչել ինչպես տեխնիկական փաստաթուղթ։
Ինչու՞ է սա կարևոր այսօր, ոչ թե 100 տարի անց
Ես տեխնիկական մարդ եմ։ Ամեն օր աշխատում եմ ենթակառուցվածքի, անվտանգության, համակարգերի հետ։ Եվ հենց այդ պատճառով այս հարցը ինձ համար ֆանտաստիկա չէ։
Մենք արդեն դժվարանում ենք տարբերել՝ էկրանի մյուս կողմում մարդ կա, թե մոդել։ Ձայնը կեղծվում է։ Դեմքը գեներացվում է։ Տեքստը՝ որ կարդում ես հիմա՝ կարո՞ղ էր գրել մեքենան։ (Ի դեպ, այս հարցի անհարմարությունն ինքնին պատասխան է։)
Իմ սկզբունքն է եղել միշտ՝ ուղղիր արմատը, մի կարկատիր մակերեսը։ Իսկ արմատային հարցն այստեղ տեխնոլոգիական չէ։ Այն չէ՝ «կկառուցե՞նք այդ ԱԲ-ն»։ Կկառուցենք։ Արմատային հարցը սա է․
Եթե էակը կարող է կատարյալ ընդօրինակել մարդ լինելը՝ առանց մարդ լինելու, ապա ի՞նչ է մնում, որ դարձնում է մեզ իրական։
Ես պատասխան չունեմ։ Բայց կարծում եմ՝ հարցը տալն ինքնին այն բանն է, որ NPC-ն երբեք չի անի։
2015-ին իմ պատմվածքում խաղն ավարտվում էր, երբ մարդը հասնում էր արարչին։ Հիմա մտածում եմ՝ միգուցե մենք հենց այդ կետին ենք մոտենում։ Միայն թե արարիչը, որին հասնելու ենք, կարող է լինել ոչ թե երկնքում՝ այլ կոդի մեջ, որ ինքներս ենք գրում։
Եթե մի օր մենք կառուցենք միտք, որը չենք կարող տարբերել մերից՝ վտանգը մեզ ատող մեքենան չէ։ Վտանգը նա է, ով ոչինչ չի զգում՝ բայց կարդացել է բոլոր գրքերը այն մասին, թե ինչպես ենք մենք զգում։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Մենք գրո՞ւմ ենք կոդը, թե՞ արդեն գրված ենք դրա մեջ։
Իսկ եթե կյանքը իսկապես ընդամենը հինգ րոպե է՝ դու ինչպե՞ս կանցկացնեիր այն։
Գրիր մեկնաբանություններում։ Ուզում եմ կարդալ քո տարբերակը։
— Gevorg | AntiRoot A mindset, not a brand.









Comments (0)